ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանից պլանավորում է գնել «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր խոցելի տարածքներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար։ Այս մասին գրում է «EurAsianTimes» պորտալը։
Նշվում է, որ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում, սակայն փաստաթղթերը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այդ սպառազինության պատվերն արդեն արված է։
«Ակաշ» համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ ոչնչացնել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Համալիրները շարժական են և կարող են խոցել ուղղաթիռներ, ԱԹՍ–ներ և այլ սարքեր, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։
«Ենթադրվում է, որ «Ակաշ» ԶՀՀ պատվերներն արդեն ստացվել են, և Հայաստանը դիտարկվում է որպես արտահանման ամենահավանական ուղղություն»,–գրում է պորտալը:
2022 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի և «Ակաշ» համալիրի ձեռքբերմամբ։
Բացի այդ, հաղորդվել է, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 41,5 մլն դոլար արժողությամբ հակադրոնային համակարգ։
Հնդկաստանի կողմից արտահանվող զենքերն արդեն ընդգրկվել են երկրի զինված ուժերի սպառազինության մեջ, ինչը վկայում է դրանց արդյունավետության մասին, իսկ Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից մեկը։