ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կմեկնի Բուդապեշտ, հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուդապեշտում Թուրքիայի դեսպանատանը։
«Տեղի կունենա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ: Երեկոյան MÜPA -ի շենքում (արվեստի պալատ) կկայանա Մշակույթի տարվա բացման արարողությունը, որին ներկա կլինի Էրդողանը: Սա մեկօրյա այց է», - ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտնել էր, որ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում Հունգարիայի ու Թուրքիայի միջև արտակարգ իրավիճակներում ռազմավարական գործընկերության և փոխօգնության առաջնահերթության հաստատման մասին համաձայնագիր կստորագրվի:
Հիշեցնենք` Էրդողանը Բուդապեշտ էր մեկնել նաև օգոստոսի 20-ին և մասնակցել աթլետիկայի աշխարհի առաջնության բացմանը: