Բարի կա՞մք, թե՞ ՀՀ–ի դեմ քարոզչության հեռահար նպատակ. գերիների վերադարձի հակառակ կողմը

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մարդասիրության քողի տակ Ադրբեջանը նախապատրաստում է Հայաստանի ու Արցախի դեմ համաշխարհային քարոզչության 2024թ–ի իր սցենարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եթե Հայաստանը 32 գերիների վերադարձը դիտարկում է հումանիտար դաշտում, ապա Ադրբեջանը դրանով բացառապես քաղաքական խնդիրներ է լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։ Նրա խոսքով` Բաքվի հեռահար նպատակն այս անգամ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2024 թվականի 29-րդ համաժողովը (cop 29) Ադրբեջանում անցկացնելն էր, և այդ հարթակը Հայաստանի դեմ լայնածավակ քարոզչության նպատակով օգտագործելը։
«Ես ձեզ վստահեցնում եմ` այդ կոնֆերանսը դառնալու է միջոց Բաքվի ձեռքում` մեր դեմ նոր քարոզչություն իրականացնելու համար։ Իրենք բնապահպանական թեմաներով շատ են թիրախավորում մեզ` իբրև մենք շահագործել ենք Արցախի բնական հանածոները, նաև մեղադրում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտման հետ կապված։ Այդ թեման շատ ակտիվ շրջանառվում է ադրբեջանական տիրույթում, և այդ կոնֆերանսն իրենք դարձնելու են միջոց այդ հարցերը բարձրաձայնելու ու Հայաստանը որպես տարածաշրջանում էկոլոգիական առումով խնդրահարույց պետությոսւն ներկայացնելու համար»,– կանխատեսում է Հայրապետյանը։
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 ռազմագերիների, Երևանն էլ Բաքվին փոխանցեց ադրբեջանցի 2 դիվերսանտների։ Կողմերի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը մի քանի օր ուշացավ։
Ուշացման պատճառի մասին առաջինը բարձրաձայնեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ասելով. «Եթե նկատել եք` երկու բաղադրիչ կար` գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»։
ԱԳ նախարարն այս հայտարարությունն արել էր դեկտեմբերի 13-ին` գերիների փոխանակումից ժամեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ազդարարել էին այդ օրը սպասվող փոխանակման մասին։
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր. Քրիստինե Գրիգորյան
Ինչ վերաբերում է Միրզոյանի հիշատակած «կոմպոնենտին», խոսքը Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասին է, որի ժամանակ էլ` դեկտեմբերի 12-ին, որոշվեց, որ հաջորդ տարի այն կանցկացվի Բաքվում։ Միայն այդ որոշումը ստանալուց մեկ օր հետո Ադրբեջանը կատարեց գերիներին վերադարձնելու իր խոստումը։
Բանն այն է, որ ՄԱԿ–ի 2024թ–ի համաժողովը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը։ Բայց հետո հրաժարվեց դրանից` հօգուտ Ադրբեջանի։
Հատկանշական է, որ այդ մասին հայտարարվեց դեկտեմբերի 7-ին` գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածության հետ միաժամանակ` իբրև բարի կամքի դրսևորում։ Վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված էր. «Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։
Կասկածի տակ չդնելով 2020-2023թթ–ներին Բաքվի բանտերում անօրինական պահվող 32 հայ գերիների վերադարձի ու հանուն դրա նաև որոշակի զիջումների գնալու անհրժեշտությունը` Տաթև Հայրապետյանն այդուհանդերձ շեշտում է, որ ՀՀ իշխանությունը ևս կարիք ունի համաշխարհային քարոզչական հարթակում իր քայլերը ճիշտ հաշվարկելու։
Ադրբեջանը դեմ է ՀՀ–ի առաջարկին և ուզում է, որ Թուրքիան էլ մասնակցի բանակցություններին
«Երբ մեզ պատմում են, որ մենք պետք է Հայաստանը դարձնենք տեանելի, ինչ–որ Սնուպ Դոգի համերգ էին ուզում կազմակերպել և այլն... Այդ կոնֆերանսները լավագույն միջոցն են պետության տեսանելիության բարձրացման ու տարբեր խնդիրների բարձրաձայնման համար։ Եվ, իրոք, Հայաստանը շատ մեծ հնարավորություններ ուներ այդ կոնֆերանսը հյուրընկալելու»,– ասաց Հայրապետյանը։
Ադրբեջանագետը նաև նկատում է, որ Բաքվի «մարդասիրական» քայլերը ողջունողները չարաչար սխալվում են կամ առնվազն չեն ճանաչում այդ պետությանը։ Նրա խոսքով` Բաքուն պարզապես ժամանակ առ ժամանակ նման քայլեր է անում` միջազգային ճնշումներից խուսանավելու ու իր խնդիրները հետևողականորեն առաջ տանելու համար։
«Բաքվի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բնավ չի փոխվում։ Եվ թեկուզ այն փաստը, որ Հայաստանը նույնիսկ չի կարողանում Երասխում մետաղաձուլական գործարան կառուցել Բաքվից եկող ճնշումների հետևանքով, դրա վառ ապացույցն է»,– արձանագրում է Տաթև Հայրապետյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը