ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի «արդյունավետ դերը» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանում արած հայտարարությունները։
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Նա նշել էր, որ եթե Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչպես նշել է Միլլերը, Վաշինգտոնը, ինչպես և Անկարան, աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղիղ բանակցություններին:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այդ թեման, ըստ ամերիկացի դիվանագետի, քննարկվել է, ավելին` տվյալ հարցը պարբերաբար է քննարկվում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Միևնույն ժամանակ նա չի բացահայտել քննարկումների մանրամասները։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։