ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի դեսպանությանը Երևանի Ծարավ աղբյուր հասցեում տուն կհատկացվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է մեր երկրի արտաքին գործերի նախարարություն` հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու համար։
«Վրաստանի դեսպանությունը ցանկանում է օրենքով սահմանված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Գևորգի Հարությունյանին և Պերճ Ժորայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ավան Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ երկու երկրների միջև խորացող փոխգործակցությանը, աճող դիվանագիտական ներկայացվածությանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու և բարելավելու ՀՀ–ում Վրաստանի ներկայացուցչության շենքային պայմանները: