Ռուսաստանում միկրոպրոցեսորային կառավարմամբ ծնկի պրոթեզ են ստեղծել

Պրոթեզը մեկանգամյա լիցքավորումով կարողանում է աշխատել 10 օր, ինչը դեռ անհասանելի ցուցանիշ է նմանատիպ սարքերի այլ արտադրողների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. «Ռոստեխ» կորպորացիայի «Մետալիստ» ձեռնարկությունը ստորին վերջույթների պրոթեզավորման համար «Կոմետա» անվանումով միկրոպրոցեսորային կառավարմամբ ծնկի բիոնիկ մոդուլ է մշակել։ Այս մասին տեղեկանում ենք կորպորացիայի կայքից։
«Այն կարող է 10 օր աշխատել մեկանգամյա լիցքավորմամբ, ինչն այսօրվա դրությամբ անգերազանցելի ցուցանիշ է նմանատիպ սարքեր արտադրողների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Կոմետա» ծնկի բիոնիկ մոդուլը նախատեսված է միջին և բարձր շարժողական ակտիվությամբ պրոթեզներ օգտագործողների համար։
Պրոթեզի մեջ ներկառուցված միկրոպրոցեսորը տվյալներ է հավաքում և մշակում վայրկյանում ավելի քան 1000 անգամ արագությամբ, իսկ նեյրոցանցը կանխատեսում է քայլքի ռիթմն ու պատկերը։ Դա թույլ է տալիս կիրառել պրոթեզը տարբեր եղանակներով՝ հանգիստ քայլքից մինչև թեթև վազք։
Պրոթեզի գերամուր կմախքը պատրաստված է ադիտիվ տպագրության մեթոդով ռուսական բացառիկ РС-553 համաձուլվածքից, որը էլեկտրոնային բաղադրիչները պաշտպանում է դեֆորմացիայից և մեխանիկական անսարքություններից։
«Ծնկի պրոթեզի նախագծմանը բժիշկներ, ռեաբիլիտոլոգներ, պրոթեզավորողներ և պրոթեզների ակտիվ կիրառողներ ներգրավելու շնորհիվ մշակողներին հաջողվել է ստեղծել այնպիսի սարք, որը համապատասխանում է վերջնական սպառողի պահանջներին, որոշ պարամետրերով էլ՝ գերազանցում է համաշխարհային անալոգները», - հայտարարել են կորպորացիայում։
Հայկական ստարտափը էլեկտրոնային կառավարմամբ ձեռքի շարժվող պրոթեզի մոդել է ստեղծել
Նոր մոդուլի սերիական արտադրությունը կգործարկվի վերջնական փորձարկումներից հետո՝ 2024 թվականի առաջին եռամսյակում։
«Մետալիստ» ընկերությունը Ռուսաստանում գործող պրոթեզավորման հնագույն ձեռնարկություն է, որը լայն տեսականի է արտադրում պրոթեզաօրթոպեդիկ սարքերի ոլորտի համար։