Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։
Համատեղ հայտարարությունը ստորագվել է այսօր Երևանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև երկկողմ խորհրդակցությունների արդյունքով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում․ ԲՏԱ նախարար
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտնել էր հայկական կողմի հրավերի մասին և հույս հայտնել, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։
Հավելենք, որ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գործում է 2020թ․ դեկտեմբերի 30-ից։ Այն կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, հայկական հեռուստաալիքներինը` ՌԴ–ում։