ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ–ի ջանքերը։ Այդ մասին նա ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը կարևորել է այդ ջանքերի շարունակականությունը:
«Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 7-ին հայտարարեց` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց` նշելով, որ հայկական կողմը դրական է արձագանքել Բլինկենի առաջարկին:
Դեկտեմբերի 13–ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հանդիպումը նախատեսված է հունվարին։