Ինչու էր Արշակ Կարապետյանը 2 տարի լռում և ինչու է հիմա խոսում. նախկին նախարարի պատասխանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
2 տարվա լռությունը Կարապետյանը պատճառաբանում է նրանով, որ որպես զինվորական և պետականամետ մարդ, չի ցանկացել խանգարել գործող իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը քաղաքականություն մտնելու մտադրություն չի ունեցել, սակայն ամեն ինչ փոխվել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո։ Այս մասին հեռավար անցկացվող մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Կարապետյանը` անդրադառնալով «Համահայկական ճակատ» շարժումը ստեղծելու պատճառներին։
Ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան հայտարարել էր քաղաքական շարժում ձևավորելու մասին և նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ։
Ինչու երկու տարի Կարապետյանը չէր խոսում. պատճառաբանում է` որպես զինվորական և պետականամետ մարդ, չի ցանկացել խանգարել գործող իշխանություններին։
«Ես չէի մտածում, որ երբևէ կմտնեմ քաղաքականություն, բայց իմ համբերության բաժակը լցվեց, երբ Արցախն առանց որևէ կրակոցի հանձնեցին»,–ասաց Կարապետյանը։
Նախկին նախարարն ընդգծեց, որ պատերազմը չի վերջացել, և Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ–ի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս իրավիճակում հայկական կողմից զորքերի հետ քաշելը, չկրակելը նա հանցագործություն է համարում։
«Եթե մենք զորքը հետ քաշեցինք թեկուզ մեկ մետր, կապ չունի` որտեղից, մենք շատ հնարավոր է` ՀՀ–ն կորցնենք, ոնց որ Արցախը կորցրեցինք։ Մենք պետք է անպայման դիմադրենք»,–ասաց նա։
Հավելեց, որ շարժումը ստեղծելու նպատակն է օգնել ժողովրդին պահպանել պետականությունը։ Իսկ ստեղծված իրավիճակում, ըստ Կարապետյանի, պետք է ոչ թե նայել անցյալին, թե ով ինչ է արել անցյալում, այլ պետք է տեսնել թե ինչ է կատարվում այսօր, քանի որ երկրի կորստի առջև ենք կանգնած։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ–ի օգոստոսի 2–ին։ Նույն թվականի նոյեմբերի 15–ին նա պաշտոնանկ էր արվել։