ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ դա արվում է տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության և անվտանգության պայմանների հասնելու նպատակով։
«Մենք կանգնած ենք, ինչպես դա բնական է և սպասելի, հայ ժողովրդի կողքին»,– գրել է նա։
Նա նաև անդրադարձել է Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի իրադարձություններին ու նշել , որ Հունաստանը հստակ դիրքորոշում ունի` աջակցել երկխոսությանը ՝ հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում է։ Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստան մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: