ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանը և Հայաստանը ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ–հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշվում է նաև, որ Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստան մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Նշենք, որ մինչև այս Սուրեն Պապիկյանը Կիպրոսում էր։ ՆԱ իր Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ ևս քննարկել էր պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցության մի շարք հարցեր։