ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105.000-ից ավել բռնի տեղահանվածների իրավիճակին։
«Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը։
Նշենք, որ հանդիպումը կայացել է փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։