ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ 2023-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։ Այս մասին ասվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը։
«Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները` տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի 25–ի Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը, որի ներկա էին նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները, Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։