ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով պարբերաբար փակվում է։ Դեկտեմբերի 13–ից միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Անդրադառնալով արտահանման ծավալներին` նա նշեց, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի արտահանողներին 3–րդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս։
«Մեր ծրագրերի մեջ կա, որ 2024 թ. տարբեր այլ ուղղություններով մեր ջանքերը պետք է մեծացնենք, որպեսզի արտահանման դիվեսիֆիկացիա լինի»,– ասաց նախարարը։
Հարցին, որ ՀՀ–ից արտահանումը հիմնականում իրականացվում է դեպի ՌԴ և այս ուղղությամբ ուշադրությունն ավելի սևեռված պետք է լինի, Քերոբյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում մի երկրի հաշվին մյուս երկրների հետ հարաբերությունները լավացնել։
«Մենք ուղղակի գիտենք, որ բավականին մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով` բացի առկա լավ աշխատող ուղղություններից։ Այդ ուղղությամբ պետք է տքնաջան աշխատել, քանի որ նոր շուկաներն այդքան էլ հայտնի չեն` իրենց սպառողների վարքագծով, նախասիրություններով։ Հաճախ անհրաժեշտ է լինում այդ նոր շուկայի համար նոր ապրանք արտադրել, և դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան այն, ինչ հիմա արվում է»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ-ի համար այսօր ամենագրավիչ ուղղությունները Արևելյան Ասիայի երկրներն են` Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, արաբական երկրները, Եվրոպան, ԱՄՆ–ն։
Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ 2025 թ. ՀՀ–ն մասնակցելու է «Օսակա 2025» էքսպոյին` շատ լուրջ տաղավարով, և իշխանությունների նպատակն է մինչ այդ մեր ապրանքները հայտնի դարձնել ճապոնացիներին։