ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով օգնական Ռաուֆ Մարզուն որոշել են Հայաստանն ընդգրկել միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող Գլոբալ արտոնյալ վարկավորման ծրագրի շահառուների ցանկում։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպելով Ժնևում ընթացող Համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում, նրանք քննարկել են ՀՀ կառավարության և ՄԱՓԲՀ գրասենյակի կողմից 97 միլիոն եվրո հավաքագրելուն ուղղված քայլերը և փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները։
Երկուստեք արձանագրվել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման։