Գերությունից վերադարձած զինծառայողներն արդեն մասնակցում են քննչական գործողություններին

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տուժող են ճանաչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսվել են դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից վերադարձած գերիների հետ տարվող քննչական գործողությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վերադարձած անձանց հետ կապված քրեական վարույթի շրջանակում (այն նախաձեռնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի առնչությամբ) նրանք տուժող են ճանաչված։ Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են սկսվել։ Դրանք շարունակական բնույթ կկրեն այնքան ժամանակ, մինչև գործընթացն ավարտվի»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` տվյալ քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվում են քննչական գործողությունները, քննվում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
ՔԿ մամուլի խոսնակը շեշտեց` ևս մի քանի անձինք անցնում են պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից իրականացված առևանգումների և գերեվարումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով։ Նրանց հետ ևս համապատասխան գործողություններ են նախատեսված և իրականացվելու են։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը