ԵՄ երկրների ղեկավարները որոշել են Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալ

ԵՄ ղեկավարների որոշմամբ` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի և Մոլդովայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշել են Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Նա հայտնել է նաև, որ ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշում են կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ:
Նշենք, որ 2022 թվականի հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ էր տրամադրել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել էր։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ լքել է դահլիճն այն ժամանակ, երբ ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ:
Օրբանը հավելել է, որ ԵՄ անդամ մյուս 26 երկրները պնդել են Ուկրաինայի հետ բանակցություններին աջակցելու հարցում և որոշել են «գնալ իրենց ճանապարհով։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այս տարվա սեպտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ Վրաստանը մինչ այժմ կատարել է թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 պայմաններից ընդամենը երեքը:
Իսկ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, բանակցությունների շրջանակի ընդունումը պայմանավորվել Է Կիևի և Քիշնևի կողմից մի քանի պայմանների կատարմամբ: