ԵԱԶԲ-ն նախատեսում է 2024-ին 2,3 մլրդ դոլար ներդնել մասնակից երկրների 30 նախագծերում

ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը. Արխիվային լուսանկար
2023 թվականին բանկի տարեկան ներդրումների ծավալը գերազանցել է 1,7 մլրդ դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2024 թվականին շուրջ 2,3 մլրդ դոլարի առնվազն 30 նախագիծ ֆինանսավորել անդամ երկրներում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին է հայտնել ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«2024 թվականին մենք էլ ավելի հավակնոտ ծրագրեր ունենք և, մեր ռազմավարության համաձայն, նախատեսում ենք մոտ 2,3 մլրդ դոլար ներդնել մեր մասնակից երկրների տնտեսությունների մեջ, ընթացիկ ներդրումային պորտֆելը պետք է հասնի 6 մլրդ դոլարի, և մենք հույս ունենք առնվազն 30 նախագիծ ֆինանսավորել», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Պոդգուզովը հավելել է, որ սա բարդ ծրագիր է, բայց իրագործելի։ Այսպիսով՝ հաջորդ տարի բանկը նախատեսում է 2023 թվականի համեմատ ընդլայնել ներդրումների ծավալը։
«2023 թվականին բանկի տարեկան ներդրումների ծավալը կգերազանցի 1,7 մլրդ դոլարը», - հավելել է նա։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։