ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էին Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում աշխարհի առաջատար Լաշա Տալախաձեի բացակայության պայմաններում մենք բոլոր հնարավորություններն ունեինք երկամարտում ոսկե մեդալ նվաճելու համար։
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 190կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Վարազդատ Լալայանը առաջին իսկ մոտեցումով գլխավերևում պահեց 200կգը և դարձավ վարժության հաղթողը։
Հրում վարժությունում մեր ծանրորդները սկսեցին իրենց ելույթը, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին բոլոր մոտեցումները։
Հայ ծանրորդներն առաջին մոտեցումով ապահովեցին հրում վարժությունում և երկամարտում առաջին երկու հորիզոնականները։ Մնում էր իմանալ, թե մերոնցից ով որ տեղն է գրավելու։
Մարտիրոսյանի վերջնական արդյունքն է 240կգ հրումում, իսկ Վարազդատ Լալայանինը` 241կգ։ Այսպիսով գերծանր քաշային կարգում ոսկե երեք մեդալներն էլ նվաճեց Վարազդատ Լալայանը, իսկ Մարտիրոսյանը երկամարտի 430կգ արդյունքով երկրորդն է։
Ընդհանուր առմամբ մեր հավաքականը մրցումներում նվաճեց երկամարտի երկու ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ, իսկ առանձին վարժությունները հաշվի առած` մերոնք նվաճեցին 6 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ։