Դեպի ծով ելք չունեցող երկրները տրանսպորտային ծախսերի համար 2 անգամ ավելի շատ են վճարում

Բոթսվանայի արտգործնախարար և LLDC գլոբալ նախագահ Լեմոգանգ Կվապեն Երևանում
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գլոբալ նախագահը նշում է, որ ապահով, ներառական և մատչելի տրանսպորտային կապը կարևոր է նման երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) միջև տրանսպորտային կապը շատ կարևոր է։ Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ ասաց Բոթսվանայի արտգործնախարար և LLDC գլոբալ նախագահ Լեմոգանգ Կվապեն։
«Ապահով, ներառական և մատչելի տրանսպորտային կապը կարևոր է մեր երկրների համար` որպես հարատևելի և դիմակայուն տնտեսությունների շարժիչ ուժ։ 2030 թ. կայուն զարգացման օրակարգում հաշվի է առնված այն փաստը, որ տրանսպորտային կապը հիմնական շարժիչ ուժ է։ Այնուամենայնիվ, այդ հարցը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ LLDC–ների համար։ Օրինակ` մեր երկրները տրանսպորտային ծախսերի համար միջինում 2 անգամ ավելի են վճարում, քան տարանցիկ փոխադրման երկրները։ Մեր երկրներից ավելի երկար ժամանակ է պահանջվում արտերկրի շուկաներից ապրանք և այլ կարևոր իրեր ստանալու համար»,– նշեց Կվապեն։
Նա ընդգծեց, որ տրանսպորտային մեծ ծախսերը խաթարում են LLDC–ներում հարատև զարգացման ընթացքը ու կրճատում տնտեսական աճը։
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։