Դեպի ծով ելք չունեցող երկրների համար տրանսպորտային կապի խնդիրը լուրջ է. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` հիմնական շուկաներից կտրված լինելը բարդացնում է դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը, քանի որ չկան անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դեպի ծով ելք չունեցող երկրները (LLDC) տրանսպորտային համապատասխան ենթակառուցվածքներ չունենալու պատճառով պակաս մրցունակ են։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմնական շուկաներից կտրված, տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը, քանի որ չկան անհրաժեշտ կապեր և լոգիստիկ պայմաններ։ Տարանցիկ երկրների հետ խնդիրներն էլ ավելի լուրջ բարդություններ են առաջացնում։ Դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտային ենթակառուցվածքները մեծացնում են ապրանքների տեղափոխման ծախսերը ու դրան ավելանում են աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներն ու լարվածությունը»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` LLDC երկրները նմանատիպ խնդիրների պատճառով դառնում են ավելի քիչ մրցունակ և նվազեցնում ազգային եկամուտների հնարավորությունները։
Դեպի ծով ելք չունեցող երկրները տրանսպորտային ծախսերի համար 2 անգամ ավելի շատ են վճարում
Նշենք, որ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը մեկնարկել է այսօր Երևանում և կշարունակվի վաղը։ Հանդիմանը մասնակցում են ավելի քան 35 երկրի ներկայացուցիչներ։