ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը», - ասված է փաստաթղթում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը հաստատեց այսօրվա նիստում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: