ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած հայ գերիները բուժծառայությունից հետո կվերադառնան տուն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Նշենք, որ գերիների հարազատներն այս պահին հավաքվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալի մոտ և սպասում են նրանց։
«Հիմա տղաները բուժզննում են անցնում։ Հետո 1-2 ժամվա մեջ բոլորս կգնանք։ Վերադարձած գերիների հետ հարցաքննություններ և քննչական այլ գործողություններ չեն լինելու, նրանք գնալու են տուն»,– ասաց Մուրադյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։