Շոլցն ընդունել է Ուկրաինային միջազգային աջակցության նվազման հավանականությունը

Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ուկրաինային հետագա օգնության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է` հավանականություն կա, որ Ուկրաինային միջազգային աջակցությունը կնվազի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Պուտինը, ինչպես և նախկինում, հաստատակամ է Ուկրաինային ռազմական առումով ծնկի բերելու հարցում։ Նա կարծում է, որ Ուկրաինայի միջազգային աջակցությունը կնվազի։ Ցավոք, չի կարելի հաշվի չառնել այն վտանգը, որ այդ հաշվարկը կարող է աշխատել», - ասել է կանցլերը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում։
Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ում հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները Ուկրաինային հետագա օգնության հարցում, ինչպես նաև ԵՄ-ում կոնսենսուսի բացակայությունը Ուկրաինայի բյուջեի կայունացման միջոցների խնդրի շուրջ:
ԱՄՆ Կոնգրեսում հրաժարվել են հաստատել Ուկրաինային օգնությունն առանց հստակ ռազմավարության
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։