ՍԴ-ն ամեն ինչ անում է, որ ԱԺ ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի. «Հրապարակ»

ՀՀ Սահմանադրական դատարան
Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի, գրում է «Հրապարակ» թերթը։
Խոսքը մասնավորապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթների սահմանադրականությանն է վերաբերում, որով փաստացի ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձևով իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքից։
«Չնայած բանաձևով ընդդիմադիրներին հանձնաժողովներ ղեկավարելու հնարավորություն է տրված, սակայն խորհրդարանական մեծամասնությունն է որոշում, թե ընդդիմությունից ով ընտրվի այդ պաշտոններում, ով՝ ոչ»,–գրում է թերթը։
Նշվում է, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին: