ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձը։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այս քայլը հնարավորություն է տալիս կողմերի միջև չեղած վստահության ինչ–որ հատված կառուցել։ Խաղաղության համար մեզ վստահության կամուրջներ է պետք կառուցել, ոչ թե պատեր կամ անվստահության նոր հնարավորություններ ձևավորել»,– նշեց դեսպանը։
Նրա խոսքով` կողմերը պետք է սկսեն որոշ հարցերում վստահել, որպեսզի վերջնական խաղաղություն լինի։ Մարուքյանը շեշտեց` 32 ռազմագերիների վերադարձը շատ կարևոր և հիմնարար քայլ է Հայաստանի համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։