ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տալլին է հրավիրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական այցով Էստոնիա մեկնելու հրավերը Փաշինյանին է փոխանցել այդ երկրի արտգործնախարար Մարգուս Ցահքնան, որին այսօր ընդունել է ՀՀ վարչապետը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները և կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությանն առնչվող հարցեր։
«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Ցահքնան շեշտել է Էստոնիայի կառավարության` Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Մարգուս Ցահքնան Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։ Այսօր կայացել է նրա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը, որի ընթացքում Ցահքնան հայտարարել է, որ Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստության հարցում։