ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձածներից մեկը Կարեն Ղազարյանն է, որն ընտանիքի միակ ու չափազանց երկար սպասված որդին է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանի հորեղբոր աղջիկը` Մարինե Գալստյանը։
Ղազարյանը գերեվարվել էր մայիսի 26-ին Սյունիքի մարզից դիրքեր սնունդ տեղափոխելու ժամանակ։
«Կարենը մեր ընտանիքի համար շատ սպասված զավակ է։ Նրան 20 տարի սպասել են, ու ծնողների միակն երեխան է։ Ղարաբաղյան դեպքերից ելնելով` հույսս կտրել էի, որ վերադարձը հնարավոր կլինի, բայց Աստծո հրաշքներն անքննելի են»,– ասաց Մարինեն։
Եղբոր վերադարձի մասին լուրն իմացել է մոտ 6 օր առաջ։
Խոսելով ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութերի մասին, որոնցում երևում են հայ գերիները, Մարինեն նշեց, որ իր կարծիքով նիհարել էր, բայց դեմքին կապտուկներ, բարեբախտաբար, չեն եղել։ Ըստ նրա` մնացածն էլ հետագայում պարզ կլինի։
Կարեն Ղազարյանը 2024 թվականի հուլիսի 10-ին պետք է վերադառնար պարտադիր ժամկետային ծառայությունից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։