ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու հնարավորությունների դուռ է բացվել։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը հավատարիմ կմնա ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ համագործակցության դիրքորոշմանը», - ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է Գյուլերը խորհրդարանում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանի հետ պատերազմ չի ուզում, և այդ առումով պետք է երաշխիքներ լինեն:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։