Հակամարտությունն ավարտված չէ. Ադրբեջանի հանցագործ քայլերն այն ավելի են սրել. Օհանյան

Սեյրան Օհանյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Սեյրան Օհանյանի համոզմամբ` Արցախը եղել է գործոն, ու այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն` նաև ժողովրդի ճակատագրի ու վերադարձի պայմանների լուծման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով արցախյան խնդրին։
«Ադրբեջանի հանցագործ գործունեությունը հակամարտությունն ավելի է սրել, ու Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա»,– ընդգծեց նա։
Ըստ Օհանյանի` Արցախը եղել է գործոն, ու այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն` ներառյալ ժողովրդի ճակատագրի ու վերադարձի պայմանների լուծման։
«Բանակցություններն այս առումով միջազգային որևէ հարթակում այլընտրանք չունեն»,– նշեց Օհանյանը։
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ըստ նրա, դրա համար պատասխանատու են Արցախի և ՀՀ իշխանությունները, սակայն առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք երկրի ղեկավարումը ստանձնելու հենց առաջին օրվանից վերցրել էին պատասխանատվություն Արցախի համար, սակայն սահուն կերպով իրենց վրայից գցեցին այն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։