Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների. Խանդանյան

Դիտարկմանը, որ հայկական կողմը նախընտրում է արևմտյան հարթակները` խուսափելով ռուսականից, Սարգիս Խանդանյանը նշեց, որ լեգիտիմ հարցադրում ու մտահոգություն է ռուսական հարթակի նկատմամբ վստահությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսներին Ադրբեջանն է խուսափում բանակցություններից։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Մեր ակնկալիքը գործընկերներից այն է, որ Արդբեջանին բերեն բանակցությունների սեղանի մոտ։ Մենք բանակցային որևէ հարթակից չենք խուսափում, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին. բանակցությունների հարթակները փոխելը Ադրբեջանի կողմից միգուցե մարտավարություն է` բանակցություններից խուսափելու համար»,– կարծիք հայտնեց Խանդանյանը։
Դիտարկմանը, որ հայկական կողմը նախընտրում է արևմտյան հարթակները` խուսափելով ռուսականից, Խանդանյանը նշեց, որ լեգիտիմ հարցադրում ու մտահոգություն է ռուսական հարթակի նկատմամբ վստահությունը, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության երաշխավորող կողմը ՌԴ–ն էր, որն այդ հայտարարության մի շարք սկզբունքային հարցեր չի իրագործել։
Ինչ վերաբերում է արևմտյան բանակցային հարթակներին, ապա նա ասաց, որ կա բանակցությունների որոշակի տրամաբանություն, արդեն որոշակի գործընթաց է տեղի ունեցել, և այդ տրամաբանության շարունակականության ապահովումը շատ կարևոր է։
«Խաղաղության պայմանագրի ու այն սկզբունքային հարցերի շուրջ քննարկումներն արդեն իսկ ընթացել են, դա է պատճառը, որ հայկական կողմը նշում է, որ կա արդյունավետության հարց։ Վաշինգտոնում մի քանի անգամ տեղի է ունեցել արտգործնախարարների մակարդակով բանակցություններ, իսկ Բրյուսելում տեղի են ունեցել ղեկավարների մակարդակով բանակցություններ, որտեղ համաձայնեցվել են ակնկալվող խաղաղության պայմանագրի շուրջ սկզբունքային հարցերը»,– հայտարարեց Խանդանյանը։
Ըստ նրա` այժմ կարևոր է, որ այս գործընթացը շարունակվի ու բանակցությունները հետ չվերադառնան զրոյական կետի։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։