ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող 32 հայ գերիներն արդեն Երևանում են։ Նրանց քիչ առաջ բերել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Հայաստան վերադարձած գերիները բուժզննում կանցնեն, ապա նրանցից յուրաքանչյուրի ընտանիքի անդամներից մեկին կթույլատրվի տեսակցել իր հարազատին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը (Շիրակի մարզից է,– խմբ.) լրագրողների հետ զրույցում նշեց, որ տղաներն այժմ հետազոտությունների փուլում են։
«Խնդրել ենք, որ մինչև հաց ուտելն ամեն ընտանիքից 1 հոգի մտնի ներս, տեսնի, դուրս գա ու հետո, երբ բոլոր պրոցեսները կվերջանան, կգնան տուն։ Կես ժամ առաջ են եկել»,– նշեց Առուշանյանը։
Հարցին` արդյոք ԱԱԾ–ն հարցաքննելու է տղաներին, պատգամավորը նշեց` այդ հարցերով իրավապահներն են զբաղվում։
Ներկա պահին ծնողները գրանցվում են, որպեսզի մուտք գործեն հոսպիտալի տարածք։
Նշենք, որ գերիներից 31-ը ՀՀ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2020-2023 թվականներին, իսկ 1-ը սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էր գերեվարվել։
Գերիներից 26-ը Շիրակի մարզից են, 1-ը` Սյունիքից, մեկը` Տավուշից, 2-ը` Երևանից, ևս 1-ը` Ստեփանակերտից։
Մարդիկ շուրջ 1 ժամ առաջ հավաքվել էին հոսպիտալի դարպասների մոտ, որպեսզի տեսնեն իրենց զավակներին, ամուսիններին, եղբայրներին։
Գրեթե բոլորը շեշտում են, որ հեռուստատեսությամբ ու վարչապետի գրառումից են տեղեկացել, որ իրենց որդին, ամուսինը կամ եղբայրն Ադրբեջանից վերադարձել է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։