Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի. արտգործնախարար

Մարգուս Ցահքնա
Էստոնիայի արտգործնախարարը շեշտել է, որ ցեղասպանության ճանաչումը Տալլինի պարտքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի Էստոնիայի խորհրդարանում: Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այդ մասին հայտնել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
«Մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դա Էստոնիայի պարտքն է Հայաստանի առջև։ Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,– նշել է Ցահքնան։
Ավելի վաղ նա նշել էր, որ Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման հարցում։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։