Բացի հուզմունքից, ի՞նչ կրնամ զգամ. գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» մոտ

Վարազդատ Հարությունյանի մայրը
Ծնողները դեկտեմբերի 7-ին են իմացել, որ տղաները Հայաստան են վերադառնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ադրբեջանից վերադարձած գերիներից մեկի` Վարազդատ Հարությունյանի մայրը համարում է, որ 2 ադրբեջանցիներին 32 տղաների դիմաց Բաքվին փոխանցելու որոշումը ճիշտ էր։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ գերիների հարազատներն այս պահին հավաքվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալի մոտ և սպասում են նրանց։

«Շատ ճիշտ որոշում էր, մեզի համար նշանակություն չուներ, մեր էրեխեքը 3 տարի իրենց ջահել կյանքը անցկացրին թշնամու բանտում։ Որ առողջական վիճակի մասին հարցնում էի, միշտ ասում էր, որ լավ է, բայց մինչև չտեսնեմ, հստակ բան չեմ կարող ասել։ Երբ ասեցին, որ գերիների են վերադարձնելու, մտածում էի, որ իմ որդին էլ է ցուցակում։ Հիմա բացի ուրախությունից ու հուզմունքից, ի՞նչ կրնամ զգամ։ Կարմիր խաչի միջոցով ամիսը մեկ անգամ զանգ էր լինում, մի անգամ էլ` վիդեո։ Հենց իմացա, որ գալու են, դրանից հետո էլ կապ չենք ունեցել»,– նշեց Վարազդատ Հարությունյանի մայրը։

Գերիներից Նարեկ Կոստանյանի հայրը` Աղասի Կոստանյանն էլ ընդգծեց` դեկտեմբերի 7–ին է իմացել, որ որդին տուն է գալու։ Մինչ այդ միայն Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջոցով են կարողացել տղայի հետ կապ հաստատել։
«Հեռախոսազանգերի ընթացում չէի կարող գանգատվել, քանի որ գլխներին կանգնած էին»,–ասաց հայրը։
Նա նշեց, որ որդու ծառայակից ընկերներից ևս 4–ն ազատվել են գերությունից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։