ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև ձերբակալվածների փոխանակումը. Պետդեպարտամենտ

Մեթյու Միլլեր
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Բաքվի և Երևանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալված անձանց փոխանակումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ հավանական է։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի ձերբակալվածների փոխանակումը, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ, - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։– Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան»։

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել Բաքվի և Երևանի հետ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։