Խաղաղության պայմանագիրը անորոշ ձևակերպումներ է պարունակում․ Արթուր Խաչատրյան

Sputnik
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ օրն այցելել էին ԱԳՆ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու նպատակով։
Ընդդիմադիր պատգամավորները չեն հանրայնացնում «հույժ գաղտնի» նշումով փաստաթղթի կետերը, բայց նախագիծը վտանգավոր էր որակել։
Խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից ու պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել են, թե պայմանագրի հատկապես որ կետերն են վտանգավոր։
«Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Այն փաստաթուղթը, որ պարտադրվել է ՀՀ–ին, շատ անորոշ ձևակերպումներ է ունենալու, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել»,– ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։