Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Ժոզեպ Բորելը հայտնել է նաև ԵՄ դիտրդական առաքելության թվաքանակն ավելացնելու մասին։
«Ադրբեջանին զսպում են բոլորովին այլ բաներ, և ոչ թե ԵՄ-ի մի քանի հարյուր դիտորդները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը` մեկնաբանելով Եվրամիության դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը` ԵՄ դիտրդական առաքելության թվաքանակն ավելացնելու մասին։
Բորելի մեկնաբանմամբ` դա միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը։ Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ` պետք է նպաստեր «սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Եվրամիության առաջին 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջին, որոնց հետագայում ավելացան ևս 38-ը։ Եվրադիտորդների Հայաստան գալուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է կրակոցները սահմանին։ Օրեր առաջ գրանվեց ևս մեկ մահաբեր կրակոց։ Ադրբեջացի դիպուկահարի արձակած գնդակից զոհվեց 31-ամյա զինծառայող Գերասիմ Առաքելյանը։