Պահանջարկը զրոյական է. անշարժ գույքի վարձկալության գները կնվազեն

Sputnik
Անշարժ գույքի վարձակալության շուկայում գների անկում է կանխատեսվում։ Գնանկման պատճառների ու նախադրյալների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է «House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանը։
«Շուկան հիմա լճացած է, կանգնած։ Այս վիճակը, երբ պահանջարկը զրո է, բայց լիքը առաջարկ կա, բերելու է գների անկման, ինչը ուղղակիորեն ազդելու է նաև վաճառքի գների վրա»,- ասել է նա` ըստ էության հերքելով մտավախությունները, թե վարձակալությունից ստացվող եկամուտների հարկումը կարող է հանգեցնել նոր գնաճի։
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Արդեն 13 օր ուժի մեջ մտած օրենքը տուգանքներ է սահմանում վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատերերի համար։
Տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։