ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշայինների պայքարում 391 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը։
Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ներ: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ՝ գրավելով 5-րդ տեղը։
Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան պրին վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, այն կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: