ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված բանակցությունները, հույս ունի, որ Բաքվում և Երևանում հաշվի են առնում այդ առաջարկի արդիականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայի հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին ՌԴ-ի առաջարկները բաց բնույթ են կրում Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Հույս ունենք, որ Երևանում և Բաքվում հիշում են այդ մասին և հասկանում դա», - նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երեք երկրների արտգործնախարարների միջև դիվանագիտական ալիքներով մոսկովյան հանդիպում է մշակվում։
Այսօր ավելի վաղ հայ-ադրբեջանական կարգավորման թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհամատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: