ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Իրանի և ՌԴ–ի արտգործնախարարները
Նախարարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 11-ին հեռախոսով քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը և ընդգծել քաղաքացիական օգնության կարևորությունը։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի շարունակական սրման և վատթարացման կապակցությամբ։ Շեշտվել է կրակի անհապաղ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի հեղինակությունը մոբիլիզացնելու կարևորությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել է նաև համագործակցությունը զարգացնելու թեման։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել նոր «մեծ» միջպետական պայմանագրի համաձայնեցման աշխատանքները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: