ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 8 օրով գործուղում է Ուկրաինա։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։
Նշվում է, որ Սինանյանը լինելու է ուկրաինական մի քանի քաղաքներում։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2023 թվականի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ դեկտեմբերի 14-15-ը, Խարկով՝ դեկտեմբերի 15-16-ը, Կիև՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:
Սինանյանի՝ Ուկրաինա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ պետբյուջեի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Սինանյանը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է Փաշինյանին հաշվետվություն ներկայացնի։