ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պապի տնկած ծառերը հատելու ու դրանց փոխարեն նոր ծառեր տնկելու առաջարկին Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթարակ գյուղերի 91 բնակիչ է արձագանքել։
Տվյալներն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման տրամադրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ու Տավուշի մարզպետարանից։
Հայտնել ենք, որ կառավարության հուլիսի 6-ի նիստում Փաշինյանը, անդրադառնալով ցածր բերքատվության խնդրին, գյուղացիներին խորհուրդ տվեց հրաժարվել տնամերձ հողամասերում պապի տնկած ծառերը պահպանելու գաղափարից և թարմացնել այգին նոր տնկիներով։
«Ասում են` ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ։ Բա պապն էլ է պապ ունեցել, պապի պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, որ հիմա պապի պապի տնկած ծառը չի այգում, այլ պապի։ Որովհետև պապը իր պապի տնկած ծառը ինչ–որ մի բան արել է»,– ասաց Փաշինյանը` խորհուրդ տալով պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել ու պահել։
Կառավարության նույն նիստում ընդունվեց նաև Էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը», որի իրականացման համար ընտրվել են Տավուշի մարզի Իջևան համայնքի 2 գյուղեր` Բերքաբերն ու Խաշթարակը։
Պարզվում է` կառավարության առաջարկը ոգևորել է գյուղացիներին։ Ծրագրի հաստատումից 5 ամիս անց` դեկտեմբերի 8-ի դրությամբ, Խաշթառակից` 46, Բերքաբերից` 45 բնակիչ արդեն շահառուներ են։ Մինչդեռ փորձնական ծրագրի ավարտին դեռ մի ամբողջ տարի կա։
Տնամերձերում ծառերն առայժմ չեն հատվել։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի մասնակից շահառուների տնտեսություններում առայժմ միայն նախագծման և գնահատման աշխատանքներ են իրականացվում։
Նախագծանախահաշվարկային և խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է «Ինտենս Ագրո» ՍՊԸ–ն` Իջևանի համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով։
Գնահատումից հետո միայն այգին կազատվի հին ծառերից, կապահովվի կաթիլային ոռոգման համակարգով և կտնկվեն նոր ծառեր։ Ծրագրով նախատեսված են տանձենի, հոնենի, նռնենի, ազնվամորի և մոշ։ Ընտրությունը թողնված է շահառուին, նա կարող է ընտրել առաջարկված տեսակներից միայն մեկը, և առնվազն 5 տարի այգում այլ տեսակներ պիտի չտնկի։
Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ ծրագրի 91 շահառուներն էլ առաջարկված տեսակներից միայն երկուսն են ընտրել` հոնենին ու նռնենին։
Ծրագրի գնահատված արժեքի 95 տոկոսը վճարելու է կառավարությունը, 5 տոկոսը` համայնքը կամ շահառուն։
Ծրագրով նախատեսված է այգեհիմնման աշխատանքներն ավարտել մինչև 2024թ–ի նոյեմբերի 10-ը։
Եթե գյուղացին պատշաճ չպահպանի նորատունկ այգին, ստիպված կլինի փոխհատուցել պետության ու համայնքի հատկացրած գումարն ամբողջությամբ։ Իսկ եթե այգու հիմնումից հետո 6 ամսված ընթացքում տնկիների առնվազն 90 տոկոսը չկպչի, կապալառուն ստիպված կլինի դրանք փոխարինել նորերով։
Էկոնոմիկայի նախարարությունը փորձնական ծրագրի արդյունքները կամփոփի հաջորդ տարեվերջին։ Դրանից հետո միայն կորոշվի` ծրագիրը կսահմանափակվի Տավուշի մարզի վերոհիշյալ երկու գյուղերով, թե կիրականացվի նաև այլ բնակավայրերում։