Առաջին՝ Պաղեստինը ՄԱԿ-ի հովանավորության ներքո։ Երկրորդ՝ Գազան Հորդանան գետի արևմտյան ափում գոյություն ունեցող պաղեստինյան վարչակազմի լիակատար վերահսկողության տակ, և երրորդ՝ Իսրայելը կրկին գրավում է Գազան և փաստորեն կրկին դարձնում է այն օկուպացված տարածք, ինչպես եղել է գրեթե 40 տարի շարունակ։ Ո՞վ վերացրեց օկուպացիան։ Արիել Շարոնը։ Ուրեմն Իսրայելի ներկա իշխանություններն էլ հիմք ունեն հնչեցնելու բոլորիս քաջ ծանոթ պարզունակ մեղադրանքը՝ ամեն ինչում նախկիններն են մեղավոր։
Բայց սկսենք սկզբից։ Փաստն այն է, որ ներկայիս Իսրայելի տարածքում վաղուց կողք կողքի ու հանգիստ, առանց առճակատվելու ապրել են արաբներն ու հրեաները։ Բայց 19-րդ դարի վերջին սկսվեց սիոնիստական շարժումը, որի առանցքային գաղափարը տրամաբանական հարցն էր՝ ինչո՞ւ ենք մենք սփռված աշխահով մեկ, բայց սեփական պետություն չունենք։ Եվ 1880-ական թվականներին տասնյակ հազարավոր հրեաներ Եվրոպայից սկսեցին ժամանել Պաղեստին, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր։ 30 տարում՝ մինչև Առաջին աշխարհամարտը, Պաղեստինի հրեա բնակչության թիվն ավելացավ 5 անգամ։ Պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց, և Պաղեստինը կառավարելու մանդատը ստացավ Մեծ Բրիտանիան։
Անգլիացիներին ամենևին դուր չէր գալիս հրեաների ներհոսքը, որն անխուսափելիորեն արաբների հետ բախումների պատճառ էր դառնալու։ Հոլոքոսթը նպաստեց հրեաների ներգաղթին, ու երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը, բրիտանացիները լիովին հրաժարվեցին Պաղեստինից՝ հիմնավորելով. բա էլ ո՞ր օրվա համար է այդ համաշխարհային կազմակերպությունը, թող ՄԱԿ-ն էլ զբաղվի արաբների և հրեաների բարդ հարաբերություններով։
Եվ ՄԱԿ-ը կայացրեց մի որոշում, որն այն ժամանակ, կարծես թե, ամենատրամաբանականն էր՝ քանզի այս հողերին հավակնում են երկու ժողովուրդներ` թող լինի երկու անկախ պետություն։
Ամենաարտառոցն այն էր, որ ըստ այդ ծրագրի` երկու պետություններից յուրաքանչյուրը բաղկացած էր երեք առանձին մասերից։ Ահա այսպես առաջացավ Գազայի հատվածը։ Այս տարօրինակ ծրագիրը, բնականաբար, դուր չեկավ ո′չ արաբներին, ո′չ էլ հրեաներին։ Հրեաները տրամաբանում էին՝ արաբներն այս տարածաշրջանում մի քանի պետություն արդեն ունեն, ինչո՞ւ պիտի ևս մեկ արաբական պետություն ստեղծվի Պաղեստինում։
Արաբներն էլ հակադարձում էին՝ ինչո՞ւ պիտի Եվրոպայից եկածները մեր հողում պետություն հիմնեն, թող վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։ Իսկ եթե չեն ուզում, մենք ուժով նրանց կքշենք։ Եվ արաբական երկրները սկսեցին ռազմական գործողութունները հրեաների դեմ։
Այս ամենի արդյունքն այն էր, որ Դավիթ Բեն-Գուրիոնը հռչակեց Իսրայել անկախ պետությունը, իսկ 700 հազար արաբներ փախստական դարձան։ Ամեն ինչ կրկնվեց մոտ 20 տարի անց. այսպես կոչված Վեցօրյա պատերազմի հետևանքով փախստական դարձան ևս կես միլիոն պաղեստինցիներ, իսկ Գազայի հատվածը վերջնականապես մնաց Իսրայելի օկուպացիայի տակ։
Սկզբում Իսրայելի իշխանությունները կիրառեցին թխվածքաբլիթի քաղաքականությունը՝ անելով ամեն ինչ, որպեսզի Գազայի բնակիչները բարվոք կենսապայմաններ ունենան։ Պաղեստինցիների 65 տոկոսն աշխատում էր Իսրայելում, տեղական մարմիններն էին տնօրինում բոլոր այն հարցերը, որոնք կապված էին ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև առողջապահության հետ։ Մի խոսքով` Գազան ինքնիշխան պետություն դառնալու ճանապարհին էր։
Սակայն պաղեստինցիները զգում էին, որ անկախ չեն և կառավարվում են կենտրոնից՝ Թել Ավիվից։ Իսկ երբ հրեաները նաև նախաձեռնեցին բնակավայրերի կառուցումը Գազայի տարածքում` գնալով ավելի սպառնալից սկսեց հնչել այն միտքը, որ բոլոր հրեաներին պետք է լցնել ծովն ու ընդհանրապես վերացնել Իսրայել պետությունը, ինչը կապահովի պաղեստինցիների արժանավայել կյանքը։
Ավելի ու ավելի հաճախակի դարձան հրեական կիբուցների վրա հարձակումները, որոնք ժամանակ առ ժամանակ վերաճում էին ինթիֆադայի, այսինքն՝ ապստամբության, որի ընթացքում նաև զենք էր կիրառվում։
Պարզ դարձավ, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի աշխատում, և 2000-ականների սկզբներին իշխանության եկած աջակողմյան վարչապետ Արիել Շարոնը որոշեց՝ փակուղուց դուրս գալու միակ միջոցը Գազայի հետ կապերից հրաժարվելն է և այդ հատվածից միակողմանի անջատվելը։
Խորհրդարանի որոշմամբ էվակուացվեցին 20 հրեական բնակավայրերի բնակիչները, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Գազայից դուրս եկավ վերջին իսրայելցի զինվորը։ Այսպես ավարտվեց Գազայի հատվածի 38-ամյա օկուպացիան։
Հիմա շատերն ասում են. «Հենց Շարոնն է մեղավոր, որ հայտնվեցինք այս վիճակում։ Չլիներ նրա չհիմնավորված որոշումը Գազայի օկուպացիայից հրաժարվելու մասին, չէր լինի նաև այս տարվա հոկտեմբերի 7-ը, պաղեստինցիները չէին համարձակվի մտնել Իսրայել, սպանել ու պատանդ վերցնել տասնյակ մարդկանց»։
Թե որքանով են հիմնավոր այս մեղադրանքները` շատ դժվար է ասել։ Բայց մի բան կարելի է երևի պնդել՝ մինչև խաղաղության գաղափարը չգերիշխի երկու հասարակություններում, հաստատ համոզմունք չդառնա մարդկանց սրտերում ու հոգիներում, ոչ մի պաշտոնական պայմանագիր չի երաշխավորի այդ խաղաղությունը։