Նոյեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 0.5 տոկոս. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Մարտին Գալստյանի խոսքով` 12–ամսյա գնաճը կկայունանա 4 տոկոս ցուցանիշի սահմանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 0.5 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նաև նշեց, որ 12–ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերի վերջին զրո է եղել։ ԿԲ նախագահն ընդգծեց, որ 12–ամսյա գնաճը կկայունանա 4 տոկոս ցուցանիշի սահմանում։
«Նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են»,– նշեց նա։
Ըստ Գալստյանի` ՀՀ–ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են ծառայությունների ու շինարարության բարձր աճը։
«2023 թ. 4–րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։ Դա արտահայտվում է ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,– ընդգծեց Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով` արտաքին պահանջարկը ՀՀ–ում դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, որն արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։
ՀՀ–ում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կրկին ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում