«Կարծում եմ` շուտով նորություն կունենանք». Ալեն Սիմոնյանը` գերիների վերադարձի մասին

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածության մասով որևէ փոփոխություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիները հնարավոր է` մոտ օրերս վերադառնան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք։ Ես էլ եմ լիահույս։ Ձեռք բերված պայմանավորվածության մասով որևէ փոփոխություն չկա, գործընթացը ընթացքի մեջ է»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։