ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցության մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Պապիկյանը Կիպրոսում է պաշտոնական այցով, նախարարներն առանձնազրույց են ունեցել և ընդլայնված կազմով հանդիպման մասնակցել։
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպման ավարտին 2 երկրի պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը։