Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- ասել է Զախարովան։
Իր հերթին Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։