ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եթե կորցնենք ԵԱՏՄ–ն, կորցնում ենք ամեն ինչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարար Հարություն Մնացականյանը` խոսելով հայաստանյան գյուղարտադրանքի արտահանման առաջ ծառացող նոր մարտահրավերների մասին, որոնց հետևանքով հայկական արտադրության պտուղ–բանջարեղենը կարող է դուրս մնալ ԵԱՏՄ շուկայից։
«Ամբողջ աշխարհը ձգտում է ԵԱՏՄ շուկայի նման շուկա մտնել, որտեղ ստանդարտները բարձր չեն, որակապես ավելի ցածր ապրանքներ մատակարարելն ու դրանցով շուկա գրավելն ավելի հեշտ է»,– ասաց Մնացականյանը։
Բանն այն է, որ, օրինակ, Ղազախստանի կառավարությունը 2024 թվականից սուբսիդավորելու է իր երկրի տարածքում գործող ջերմատնային տնտեսություններում արտադրված բերքի արժեքի 20%-ը, եթե այն համապատասխանի բոլոր ստանդարտներին։ Բացի այդ, սուբսիդիաներ է տալու նաև կաթիլային ոռոգման համար։
Սա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ հաջորդ տարվանից ղազախական ապրանքը առնվազն 20% էժան գնով է մտնելու ԵԱՏՄ շուկա և չի ունենալու որակական այն խնդիրները, որոնց պատճառով գյուղմթերքի հայաստանյան արտահանողներն այսօր բախվում են խնդիրների։
«Այս տարի Ղազախստանում պտուղ–բանջարեղենի գինը բարձրացել էր 1-2 տոկոսով, և երևի երկար մտածելու ու հաշվարկների արդյունքում փորձում են այս մեթոդը կիրառել իրենց ջերմատնային տնտեսությունները զարգացնելու, ներքին պահանջարկը բավարարելու և, բնականաբար, նաև արտահանելու համար»,– նշում է Մնացականյանը։
Բացի այդ, Ղազախստանի տնտեսվարողները հայաստանցիների նկատմամբ շահեկան դիրքում են նաև գազի էժան գնի հաշվին։
Ղազախստանում տնտեսվարողների համար գազի 1խմ–ն արժե 0.072 դոլար։ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների համար սահմանված են սեզոնային զեղչեր. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը 1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ (0,2 դոլար), մնացած ամիսներին` 143.7 (0,35 դոլար)։
Այս ամենի արդյունքում ղազախական ջերմատնային արտադրանքը կարող է ԵԱՏՄ շուկա արտահանվել առնվազն ներկայիս գնից 20-25 տոկոսով ավելի էժան։ Այդ դեպքում հայաստանյան գյուղմթերքը, գործարարի հաշվարկով, գրեթե շանս չի ունենա մրցակցությանը դիմանալու։
Դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունն էլ գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացնում` վստահեցնելով, որ դրանք կնպաստեն ոլորտի զարգացմանը, Հարություն Մնացականյանը հակադարձեց չհաջողված ու կիսատ մնացած ծրագրերի կոնկրետ օրինակներով։
«Ամեն ինչ անում են թերի, դրա համար ամեն ինչ կեսից փլուզվում է։ Օրինակ` անցած տարի սերմացուն սուբսիդավորեցին, արեցին թերի, այս տարի ընդհանրապես այդ ծրագիրը հանել են։ Այգեգործության համար 50 տոկոս սուբսիդավորում արեցին, նորմալ վերահսկողություն չսահմանեցին, ահագին չարաշահումներ եղան, խոսում են, որ մոտ ժամանակներս դա էլ են հանելու։ Եթե հստակ աշխատանք չի տարվում, հաշվարկների վրա հիմնված գիտակցված մոտեցում չի լինում, լինում է այն, ինչ մենք այսօր տեսնում ենք»,– ասաց նա։
Անդրադառնալով ԵԱՏՄ–ից դուրս գալու ու նոր շուկաներ գտնելու քաղաքական հայտարարություններին` գործարարը հռետորական հարց ուղղեց նման հայտարարությունների հեղինակներին` «ինչո՞վ է խանգարում ԵԱՏՄ շուկան այլ շուկաներ գտնելուն։ Եթե տարբերակ կար այլ երկրներ` Եվրոպա, Մերձավոր Արևելք, ԱՄՆ արտահանելու, կարտահանեին, էլի։ ԱՄՆ–ում ու Եվրոպայում խիստ ստանդարտներ են սահմանված, և մեր ապրանքը այդ ստանդարտներին չի համապատասխանում։ Մեր ապրանքը եվրոպական շուկայում այս վիճակով` այս փաթեթավորմամբ, այս տարայով, այս որակով ու այս քանակով գրեթե շանսեր չունի հայտնվելու, քանի որ եվրոպական շուկան բացի բարձր որակից պահանջում է նաև մեծ քանակներ։ Մենք ի՞նչ ունենք այդքան, որ կարողանանք այդ քանակն ապահովել»։
Հիշեցնենք` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ ԵԱՏՄ–ում մնալը չի խանգարում Հայաստանին, որ առևտուր անի նաև Եվրոպական միության երկրների հետ։ Նախարարը բերել էր Ղազախստանի օրինակը, որը հավասար առևտուր է անում Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Եվրոպական ստանդարտներին հայկական արտադրանքի անհամապատասխանության մասին լրագրողի հիշեցումը վրդովվեցրել էր նախարարին, որը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է որակյալ ապրանք արտադրել և պետք է անի դա։