Այն, որ Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ–ում, մեզ ուրախանալու առիթ չի տալիս. Մանասերյան

Արխիվային լուսանկար
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Հայաստանն իրականում լավագույն վիճակում չէ, տնտեսության իրական ճյուղերը շատ ծանր կացության մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի -Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրերս հրապարակած վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանը ՀՆԱ-ի աճի ցուցանիշով առաջատարն է ԵԱՏՄ–ում, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանին ոչ միայն չեն ոգևորում, այլև մտահոգում են։
«Մենք պետք է շատ զգույշ մոտենանք այս թվերին, որովհետև դա մեզ ուրախանալու առիթ չի տալիս։ Ճիշտ հակառանը` եթե նայենք , թե մեր տնտեսության ներսում ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ ունենք բավական լուրջ հետընթաց, օրինակ, էլեկտրաէներգիայի արտադրության գծով։ Երկիրը չի կարող ունենալ արդյունաբերության զարգացում, եթե դրա համար չի ծախսվում ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ տարի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանասերյանը` մեկնաբանելով արդյունաբերության ոլորտում գրանցված աճը, որի համաձայն` 2018-2022թթ–ին արդյունաբերական արտադրանքի ծավալը 4 մլրդ դոլարից հասել է 6,3 միլիարդի։
Մասնագետի գնահատմամբ` Հայաստանի տնտեսությանը վերագրված այս բարձր ցուցանիշներն իրականում նաև վիճակագրության մեթոդաբանության սխալի արդյունք են։ Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրների վերաարտահանված ապրանքները որպես կանոն գրանցվում են իբրև Հայաստանում արտադրված։ Արդյունքում` ՀՀ–ին վերագրվող արտադրական ծավալը ուռճացվում է։
«Եթե մենք այս տրամաբանությամբ մոտենանք, ապա ստացվում է, որ Հայաստանում վերջին շրջանում մեծ թվով սմարթֆոններ են արտադրվում, ավտոմեքենաներ և այլն»,– պարզաբանեց Մանասերյանը։
Մյուս կողմից, Հայաստանի առաջատար լինելու հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ երկրներում առկա անբարենպաստ իրավիճակով։
«Այն, ինչ ներկայացվում է մեր վիճակագրական կոմիտեի կողմից` համեմատած այն հետընթացի հետ, որ կա Ռուսաստանում և Բելառուսում պատերազմի պատճառով կամ Ղազախստանում, որն ավելի շատ ածխաջրածիններ է արտահանում և Ղրղզստանում, որը գրեթե չունի տեղական արդյունաբերություն, ստացվում է, որ ՀՀ–ն առաջատարն է»,– նշեց մեր զրուցակիցը։
Մինչդեռ, իրականում, ըստ նրա, Հայաստանն ինքն էլ լավագույն վիճակում չէ. տնտեսության իրական ճյուղերը, նրա բնորոշմամբ, շատ ծանր կացության մեջ են։
Տնտեսական աճը այսօր և առաջիկայում ևս որոշ ժամանակ իներցիայով դեռ ապահովվելու է 2022թ–ին սկսված ու 2023-ի շարունակվող ռելոկանտների ներհոսքով ու դրանց` ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ։
Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը բավականաչափ չի աճում․ Մյասնիկովիչ
Այս իրողությամբ է տնտեսագետը պայմանավորում նաև ներդրումների պաշտոնապես ներկայացվող բարձր ցուցանիշները` 5 տարվա ընթացքում 5 մլրդ դոլար (տարեկան 0,9-ից 1,4 միլիարդ)։
«5 մլրդ–ից ավելի միայն տրանսֆերտների պաշտոնական թիվն է` բանկային համակարգով։ Իսկ առանց բանկային համակարգի դրանից կրկնակի անգամ շատ է եկել։ Այսինքն` մարդիկ իրենց գրպաններում դրած կամ ուրիշին խնդրելով գումարներ են բերել Հայաստան։ Բայց, եթե դա դնեն մի կողմ ու միայն պաշտոնական թիվը նայենք` բա այդ 5 մլրդն ո՞ ւր է գնացել։ Դրա մի մասը ներդրվել է, չէ՞, փոքր բիզնես էլ են բացել ռելոկանտները, տուն էլ են առել, տարածքներ են վարձակալել, գրասենյակներ բացել։ Բայց դա ո՞վ է հաշվառել։ Մենք բոբիկ ենք այս հարցում, ոչ մի կոնկրետ բան չկա», –փաստեց Թաթուլ Մանասերյանը։
ԵՏՀ հրապարակած վիճակագրության համաձայն` 2018-2022 թվականներին, Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի ամենաբարձր աճն է գրանցել` 5%-ից հասցնելով 12,6%–ի։
Կապիտալ ներդրումների աճը կազմել է 5 մլրդ դոլար, շինարարության ոլորտում աճը կազմել է 80 տոկոս` 0,5-ից մինչև 0,9 միլիարդ դոլար, ապրանքաշրջանառության ծավալը 5 տարվա ընթացքում 1,6-ից հասել է 2 միլիարդ տոննայի (աճը` 25%)։